Արարատի մարզի Այգեսատան գյուղում այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր հրդեհ է բռնկվել: Ամբողջությամբ այրվել է Զավեն Մկրտչյանին պատկանող խոտի դեզը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղապետի տեղակալ Խաչիկ Աբգարյանը:
Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է ժամը 15:00-ի սահմաններում, պատճառները, սակայն, հայտնի չեն:
«500 տուկ խոտը ամբողջությամբ վառվել է: Հիմա հրշեջները այստեղ են, հրդեհը արդեն մարել են, պատճառներն են ճշտում»,-ասաց գյուղապետի տեղակալը՝ հավելելով, որ հրդեհը հաջողվել է արագ մեկուսացնել, այլ վնասներ չեն հասցվել:
Խաչիկ Աբգարյանը նշեց, որ ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում են ապրում, գյուղապետարանը կամ մարզպետարանը կփորձի փոխհատուցել հրդեհի հետեւանքով պատճառված վնասը:




























