Ջավախքի Նինոծմինդա քաղաքի տներից մեկի վրա 2016թ. հունվարի 13-ի գիշերը ավազակային հարձակում գործած եւ 70-ամյա հայ կնոջն սպանելու գործով ձերբակալված 6 անձանցից մեկին` Դարիկո Շ.-ին, 5000 լարի գրավի դիմաց ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավազակային հարձակման ենթարկված Սահակյանների հարազատներից` Կարեն Այվազյանը: 

Նշենք, որ Դարիկո Շ.-ն  մեղադրվում է հանցագործության մասին իմանալու եւ այն թաքցնելու մեջ: Նա բնակվել է 70-ամյա կնոջն սպանելու գործով ձերբակալված Կոբա Ս.-ի հետ, նա տեղյակ է եղել, որ նման հանացգործություն է նախապատրաստվում, սակայն թաքուն է պահել:

Նշենք, որ տանը, որի վրա հունվարի 13-ին ավազակային հարձակում էին գործել, գտնվել են երկու կանայք` տանտիրուհին` Էմման ու նրա սկեսուրը` 70-ամյա Սոնիկ Սահակյանը, որին հանցագործները դաժան ծեծի են ենթարկել, դանակահարել նրան, որի հետեւանքով տարեց կինը մահացել է:

Կարեն Այվազյանի խոսքով, Էմմա Սահակյանը, դեպքից մեկ ամիս անց դեռ չի կազդուրվել, նա հյուծված է եւ հոգեպես եւ ֆիզիկապես:

Նշենք, որ տվյալ քրեական գործով դատաքննություն ընթանում է Ախալցիխեի շրջանային դատարանում:

Նախաքննությամբ պարզվել էր, որ 2016թ. հունվարի 10-ին Կոբա Շ.-ն հանցագործության նախապատրաստման համար Նոդար Ա.-ի ու Իվանե Գ.-ի հետ հանդիպել է Քեթևան Խ.-ի բնակարանում, որտեղ էլ պլանավորել են ավազակային հարձակումն ու թալանը: Հունվարի 13-ին նրանք մոտեցել են Բագրատ Ս.-ի տանը, խաբեությամբ մտել են տուն եւ տանը եղած երկու կանանցից պահանջել են փող:  Դիմադրության արդյունքում Թեմուրը դաժան ծեծել ու դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 70-ամյա Սոնիկ Սահակյանին, որը տեղում մահացել է: Հենց այդ պահին էլ հանցագործները փախչել են դեպքի վայրից:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2016թ. հունվարի 13-ին, տանտերը, որի տուն մտել են դիմակավոր անձինք, զբաղվում է տարադրամի փոխանակման բիզնեսով, դեպքի պահին նա տանը չի եղել։