Շիրակի մարզում նախօրեին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած 7-ամյա Նարեկ Սարգսյանի մոտ ձախ ծնկի շրջանում սալջարդեր եւ գլխի ենթամաշկային հեմատոմա են ախտորոշել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի բժշկական կենտրոնի վիրաբույժ Արտակ Աղաքարյանը:

Նա նշեց, որ տղայի վիճակը Արթիկի ԲԿ-ում գնահատվել է միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չէր սպառնում, սակայն քանի որ տղան գանգուղեղային վնասվածք ուներ, նույն օրը նրան տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն:

«Մեր հիվանդանոցում ընդհանուր վիրաբույժներ են, բայց քանի որ նեյրովիրաբույժի միջամտության կարիք կար, տղային տեղափոխեցին Գյումրիի ԲԿ»,- ասաց Արտակ Աղաքարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 17-ին` ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Նարեկացու փողոցի թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային:

Վարորդը փոքրիկին տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև ներկայացել ոստիկանության Արթիկի բաժին: