Հայաստանում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գործածման ոլորտներն անհրաժեշտ է ընդլայնել: Այդ մասին «Հայաստանում բիզնեսի կայուն զարգացման համար բարենպաստ մթնոլորտ» կոնֆերանսի (կազմակերպիչներն են Հայաստանի գործատուների հանրապետական միությունը եւ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը) հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

Շրջանառության հարկի եւ ԱԱՀ-ի սահմանը պետք է նվազեցնել այժմ գործող տարեկան 114 միլիոն դրամից (մոտ 230 հազար դոլար) մինչեւ 40 միլիոն: Այդ դեպքում շրջանառության հարկ (ավելի դյուրին) կվճարեն միայն փոքր տնտեսվարողները, որոնք չեն կարող իրենց թույլ տալ հաշվապահի ծառայություններ կամ իրենք էլ չեն տիրապետում այդպիսի գիտելիքների:

ԱԱՀ-ն պետք է տարածել նաեւ կրթության, առողջապահության, գյուղատնտեսության եւ դիզելային վառելիքի ոլորտների վրա, որոնք հիմա ազատված են այդ հարկատեսակից: Վճարումների աճի հաշվին հնարավոր կլինի դրանից ազատել բնակչության սոցիալապես ավելի խոցելի շերտերը: Այսպիսի առաջարկ է արել ԱՄՀ ներկայացուցիչը: