Ընտրակեղծիքների խնդրի վրա միջազգային կառույցների սեւեռումից պետք է օգտվել եւ քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ միասնաբար իշխանությունների վրա ճնշում գործադրել: Այս մասին Ժողովրդավարության ազգային պլատֆորմի նախաձեռնած այսօրվա համաժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:

Համաժողովի նպատակն էր քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին քննարկել ու մշակել  նոր Ընտրական օրենսգրքի առաջարկների միասնական փաթեթ: Թեեւ հրավիրված էին ավելի մեծ թվով քաղաքական ուժեր, սակայն մասնակցում էին քչերը: ԲՀԿ-ն ներկայացուցիչ էր ուղարկել, Ժառանգությունից եւ ՕԵԿ-ից ոչ ոք չէր ներկայացել:

«Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եկել էին: Ըստ էության գլխավոր եւ սկբունքային առաջարկները քվեարկված ցուցակների հրապարակումն է, ուռճացված ընտրացուցակների մաքրումը, ինչպես նաեւ մատնահետքով քվեարկության տարբերակը, ինչի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչները առարկություններ ունեն։ Պնդում են, որ Վենետիկի հանձնաժողովը ցուցակների հրապարակումը դիտարկում է քվեարկության մասնակցության գաղտնիության իրավունքի խախտում։ Իսկ համաժողովի մասնակիցները հիմնավոր հակափաստարկներով ապացուցում են, որ իրենց առաջարկներն օրենքի շրջանակում են եւ ընտրակեղծիքների մեքենայի դեմ արդյունավետ գործիք միայն թե իշխանությունը կամք դրսեւորի ժողովրդավարական ընտրությունների հաստատման  հարցում:

Լեւոն Զուրաբյանը առաջարկեց օգտվել ընտրակեղծիքների վրա միջազգային կառույցների սեւեռումից եւ քաղաքացիական հասարակության հետ միասնաբար ճնշում գործադրել իշխանությունների վրա: Նա երաշխավորեց, որ միջազգային հանրությունը իրենց կողմից է:

«Հեղափոխական փոփոխություն չենք ունենա, եթե չլինի ջանքերի կոնսոլիդացիան: Պետք է կիրառել կոնսեսուսի սկզբունքը: Կան հարցեր, որոնք հեղափոխական են եւ առանցքային, եկեք մտցնենք դա պլատֆորմի մեջ`չհրաժարվելով սեփական առաջարկներից: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գրասենյակը հանրաքվեի վերաբերյալ իր վերջին զեկույցում մատնանշել է Մեծ Բրիտանիայի օրինակը, որ հրապարակվել են ցուցակները եւ բերել մի շարք փաստաթղթեր, որոնք հիմնավորում են մեր այդ պահանջը, փոխանակ մենք ուրախանանք, որ կարողանում ենք Վենետիկի հանձնաժողովի դեմը առնել… Վերջապես մեր կողմն են անցել, ինչու մենք այս հանգամանքից չօգտվենք»:

Իշխանությունների համար հեղինակություն համարվող Վենետիկի  հանձնաժողովի մասին  Հրանտ Բագրատյանը չզլացավ իր կարծիքը հայտնել. «Վենետիկի հանձնաժողովը մի ապշեցուցիչ հանձնաժողով է, որը ամեն մի նամակի մեջ փոխում է կարծիքը։ Վենետիկի հանձնաժողովից իշխանությունները միշտ վերցնում ու մեյդան են բերում այն, ինչ իրենց պետք է, ինչը պետք չէ, չեն բերում։ Մենք էլ կապ ունենք Վենետիկի հանձնաժողովի հետ, գրագրություն ունենք՝ ասելով ինչ եք անում ընդհանրապես»,-ասաց Հրանտ Բագրատյանը` ընդգծելով, որ պետք է ընտրացուցակներում ընդգրկվեն միայն վերջին վեց ամսում Հայաստանում գտնվող քաղաքացիները։

Իշխանությանը մանեւրելու տեղ չթողնելու համար ՀԱԿ ներկայացուցիչը հստակեցրեց առաջարկները`քվեարկված ցուցակների հրապարակում, տեղամասերի տեսախցիկներով զինում, ընտրողների ցուցակների մաքրում, մատնահետքով քվեարկություն` թե՛ էլեկտրոնային համակարգով, թե՛ թանաքոտելու մեթոդով:

Զուրաբյանը վստահեցրեց, որ միջազգային կառույցներիների կայացուցիչների հետ իր շփումները ցույց են տալիս, որ այս օրակարգի շուրջ քաղաքացիական հասարակության ու քաղաքական ուժերի միասնական պլատֆորմը կարող է բեկում մտցնել: Երաշխավորեց, որ ունեն միջազգային հանրության աջակցությունը եւ իրենք դա կպարտադրեն իշխանությանը:

Ֆորումը նախաձեռնած Ժողովրդավարության ազգային պլատֆորմի համար ընդունելի են ՀԱԿ-ի առաջարկները: Հիշեցնենք, որ Ժողովրդավարության ազգային պլատֆորմը սահմանադրական փոփոխությունների դեմ ակտիվ  պայքարած անվանափոխված «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն է: