Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունն այս տարվա ընթացքում իրականացրել է շուրջ 170 ստուգում, որոնցից 150-ի արդյունքներն արդեն ամփոփվել են, մնացած 20-ը դեռեւս ընթացքի մեջ են։
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց այդ տեսչության պետ Գրիշա Բաղյանը։
Նրա հավաստմամբ, տարբեր գերատեսչություններից ստացած դիմում-բողոքների հիման վրա անցկացված ստուգումների ընթացքում իրենք 15 մլն դրամի տույժեր եվ տուգանքներ են կիրառել։ «Ստուգված 150 տնտեսվարողներից թերություններ չեն հայտնաբերվել միայն 5 ընկերությունների մոտ։ Մնացածների մոտ հայտնաբերել ենք ժամկետանց, սանիտարական համապատասխան նորմերին չհամապատասխանող, առանց մակնշման սննդամթերք»,- նշեց Բաղյանը՝ ավելացնելով, որ թերությունների շտկման համար տնտեսվարող սուբյեկտներին որոշ ժամանակ է տրվել։ «Բացի այդ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հրամանով ստուգում է իրականացվել նաեւ շուկաների հարակից տարածքում գործող մսամթերքի կրպակաշարերում, մասնավորապես «ԳՈՒՄ»-ի շուկայում։ Ստուգայցերի ընթացքում պարզել ենք, որ վերանշյալ շուկայի հարակից տարածքում վաճառվող մսամթերքը ռիսկային բարձր գործոն է պարունակում։ Մասնավորապես, այնտեղ վաճառվող կենդանական ծագման մթերքը չի համապատասխանում սանիտարահիգիենիկ ընդունված նորմերին, իրացվում է առանց համապատասխան փաստաթղթերի։ Այդ է պատճառը, որ 18 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ մեր տեսչությունը կասեցում է կիրառել։ Պայմանների բարելավումից հետո դրանցից 12-ը կրկին աշխատում են, 4-ը թերությունների շտկման փուլում են, իսկ 2-ն առահասարակ փակ են»,- տեղակեցրեց սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետը։
Ամփոփելով՝ նա շտապեց հանգստացնել ներկաներին, որ վաճառակետերում լաբորատոր փորձաքննություն չանցած մսամթերք չի վաճառվում։ «Վստահ եղեք, որ Հայաստան չի ներկրվում եւ չի վաճառվում նաեւ Հնդկաստանից ներկրված հիվանդ գոմեշի միս։ Հնդկական 5 տնտեսվարող սուբյեկտներից ձեռք բերված միսն իրացվում է միայն վերամշակումից հետո, երշիկեղենի տեսքով։ Մինչ մաքսազերծումը այդ մսամթերքը լաբորատոր հետազոտությունների է ենթարկվում»,- ասաց նա:





























