Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը նավթի գների անկման պատճառով դադարեցրել է Ղարադաղի շրջանում խոշորագույն նավթաքիմիական համալիրի շինարարությունը։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է ընկերության փոխնախագահ Թոֆիք Ղահրամանովը։

SOCAR-ն ավելի վաղ պլանավորում էր նավթաքիմիական համալիր կառուցել Սանգաչալեում՝ Բաքվից 60 կմ հեռավորության վրա։ Միաժամանակ ընկերությունը 1.3 մլրդ դոլարի ներդրում կկատարի գործող նավթամշակող եւ քիմիական օբյեկտների մոդերնիզացման համար։

Նախագիծը, որի նկատմամբ հետաքրքրություն էին սկսել ցուցաբերել մի քանի արտասահմանյան ընկերություն, այդ թվում՝ ճապոնական Mitsui-ն, սկզբում նախատեսում էր 17 մլրդ դոլարի ներդրում ստանալ, ավելի ուշ, երբ նավթամշակող գործարանը հանվել էր կոնֆիգուրացիայից,  այդ գումարը նվազեցվել էր մինչեւ 8.5 մլրդ դոլարի։