Բելգիայի Ֆլանդրիա նահանգում՝ Լանդեն եւ Տինեն քաղաքների միջեւ փետրվարի 18-ի երեկոյան առանց մեքենավարի եւ ուղեւորների անկառավարելի գնացք է սլացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Belga գործակալությունը։
Բելգիայի երկաթուղային ազգային ընկերությունը հայտնել է, որ գնացքը եղել է առանց ուղեւորների եւ շարժվելիս է եղել Լուվեն քաղաքի ուղղությամբ, երբ մեքենավարը նկատել է անսարքությունը։ Դրանից հետո նա կանգնեցրել է գնացքը եւ լքել խցիկը, որպեսզի անհրաժեշտ զննում կատարի։
Մինչ նա անսարքությունն էր փնտրում, գնացքը հանկարծակի պոկվել է տեղից եւ մեծ արագություն հավաքելով՝ առաջ սլացել։
Մեքենավարը արագ տեղյակ է պահել գործընկերներին, եւ «ուրվական» գնացքը դուրս են բերել կողմնային գիծ, որպեսզի խուսափեն բախումից։
Տինեն քաղաքում մեքենավարներից մեկը հասցրել է ցատկել գնացք եւ կանգնեցնել այն։




























