Ազգային ժողովում ուրիշի փոխարեն քվեարկելու համար ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը պատրաստ է ներողություն խնդրել:

«Դե այ մարդ, մի օր մի բան է՝ արել եմ, տենց էլ է ստացվում»,-այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Սեյրան Սարոյանը:

Հարցին, թե պատրա՞ստ է ներողություն խնդրել ուրիշի փոխարեն քվեարկելու համար, նա արձագանքեց. «Բա ի՞նչ պետք է անեմ, բա արել եմ, ներողություն էլ պիտի խնդրեմ: Խնդիր չկա, ձեզնից էլ ներողություն կխնդրեմ, հանրությունից էլ, բոլորից էլ»:

Իսկ ահա ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Առաքել Մովսիսյանը («Շմայս»), ով եւս «բռնվել է» ուրիշի փոխարեն քվեարկելիս, անդրդվելի էր:

Հարցին, թե էլի՞ ուրիշի  փոխարեն կքվեարկեք, նա պատասխանել է. «Ինչ կուզեմ կանեմ»:

Այսինքն թքա՞ծ ունեք, ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշման վրա, հարցին էլ արձագանքել է. «Ինչ կուզեմ կանեմ՝ դուռը փակի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը փետրվարի 18-ին, որոշել է, որ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորները խախտել են էթիկայի նորմերը:

Պատգամավորի էթիկայի նորմերը խախտած պատգամավորները 7-ն են՝ 5-ը ՀՀԿ-ական, 2-ը՝ ԲՀԿ-ական: Այդ պատգամավորներն են Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Բազմասեր Առաքելյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը եւ Արշակ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ լրագրող Լիլիթ Լալայանը տեսագրել էր՝ ինչպես են պատգամավորները քվեարկում իրենց գործընկերների փոխարեն: Լալայանը տեսագրությունը ներկայացրել էր էթիկայի հանձնաժողով: