Երեւանում 2014թ. հունվարի 7-ին թուրք լրագրողուհուն վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող տաքսի ծառայության վարորդ Արամ Գրիգորյանի համար այսօր՝ փետրվարի 19-ինԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազը պահանջեց 2 տարի 6. ամիս ազատազրկում, 3 տարի վարորդական իրավունքի զրկում եւ 500 հազար դրամի չափով տուգանք:
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում թուրք լրագրողուհուն վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Արամ Գրիգորյանը նշել էր, որ կատարվածում իրեն մեղավոր չի ճանաչում:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արամ Գրիգորյանը 2014թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան շուրջ 40 կմ/ժամ արագությամբ վարել է Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի կողմից Մաշտոցի պողոտայով Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ ՝ ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում։
Քննության նյութերի համաձայն՝ չհասած Մաշտոցի եւ Թումանյան փողոցների խաչմերուկին` վարորդը երթեւեկելի ուղեմասում պառկած Գայե Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել եւ անզգուշությամբ պատճառել մահ։
Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):
Հիշեցնենք, որ թուրք լրագրողը հայ-թուրքական ծրագրերից մեկի շրջանակում 2014թ. նոյեմբերից աշխատում էր Երեւանում եւ ժամանակավորապես բնակվում Թումանյան փողոցում:



























