«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հավաքագրում է անչափահասներին ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար, հայտնում է CNN-ը։
Հեռուստաընկերության լրագրողների ուսումնասիրությունների եւ զինվորականների տրամադրած տեղեկությունների համաձայն՝ երեխաների մեծ մասը ենթարկվում է ԻՊ քարոզչամեքենային եւ հետեւում նրանց Սիրիայի եւ Իրաքի օկուպացված տարածքներում։ Վերջերս հայտնի էր դարձել Էր Ռաքքայում գործող եւս մի նման ճամբարի մասին, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակել էին իրենց գրոհայինները, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։
Հեռուստաալիքը նշում է, որ, չնայած ԻՊ ճոռոմ քարոզչական տեսանյութերին, տասնյակ տղաներ փախչում են այդ ճամբարներից՝ ռիսկի ենթարկելով իրենց կյանքը։ «Նրանք մեզ մոտ են հասնում հյուծված եւ անմարդկային վիճակում։ Նրանք ասում են, որ դժոխքում են ապրել»,- ասում է Իրաքի Քրդստանի Փեշմերգայի ջոկատի հրամանատար Ազիզ Աբդուլլահ Հադուրը։
Սակայն որոշների ուղեղները լվանում են, եւ այդ երեխաներն իրոք հավատում են ԻՊ գրոհայիններին։ Նրանցից մեկը՝ 12-ամյա մի տղա, որ փախել էր ճամբարից, պատմել է հետեւյալը. «Մենք 16 հոգի էինք։ Ամենասարսափելին ավիահարվածներն էին, երբ մենք թաքնվում էինք գետնի տակ։ Նրանք (ԻՊ զինյալները) ասում էին, որ այդ ամերիկացիներն են հարվածում, ուզում են մեզ սպանել, իսկ ԻՊ-ը մեզ սիրում է եւ խնամում է մեր ծնողներից ավելի լավ»,- ասել է 12-ամյա իրաքցի տղան։
Նրա խոսքով՝ ճամբարում ամենափոքր երեխան 5 տարեկան է, եւ նրանցից ոչ մեկն ազատված չէ ծանր մարզումներից։ «Մեզ թույլ չէին տալիս լացել»,- ասել է տղան, որը ներկայացել է որպես Նասր։





























