Հայ Ազգային Կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը 2016 թ. մարտի 1-ին հրավիրում են համատեղ հավաք-երթ՝ ի հիշատակ 2008թ.-ի մարտի 1-ի ոճրագործության զոհերի և որպես բողոքի ցույց՝ ընդդեմ պետական ահաբեկչության:
Այս մասին նշված է ՀԱԿ-ի, ՀԺԿ-ի ու «Նոր Հայաստանի» համատեղ հայտարարությունում:
«Հավաքի մեկնարկը՝ Ազատության հրապարակ, 18:00: Երթը կընթանա Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոց – Մյասնիկյանի արձանի հարակից տարածք երթուղով»,-ասված է հայտարարությունում:
Նշենք, որ մարտի 1-ին հավաք անցկացնելու համար Երեւանի քաղաքապետարան իրազեկում էին ներկայացրել եւ ՀԱԿ-ը եւ «Նոր Հայաստանը»: Քաղաքապետարանը երկուսի իրզաեկումն էլ ընդունել էր ի գիտություն, ինչից հետո հակասություն էր առաջացել, թե որ ուժն է նույն ժամին նույն վայրում հանրահավաք իրականացնելու: ՀԱԿ-ի եւ «Նոր Հայաստանի» միջեւ բանակցություններ էին սկսվել այդ հարցի շուրջ:
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը քաղաքապետարանի այդ որոշումը համարել էր սադրանք:





























