ՄԻՊ-ի թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն իր գործունեության մեջ միայն կատարողի ձեւաչափով հանդես չեկող, առաջարկություններ, մտահոգություններ ներկայացնող եւ դրանց խիստ մասնագիտական լուծումներ առաջարկող անձ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դեռ համալսարանից է նրան ճանաչում:

«ԱԺ-ում դուք տեսնեք հարցադրումների իր պատասխանները, ինքներդ նաեւ կհամոզվեք: Պարզապես կարող եմ հորդորել կանխակալ վերաբերմունք չունենալ»,- նշել է նախարարը:

Հարցին՝ ո՞րն է երաշխիքը, որ իշխանության թեկնածուն իշխանությունների անօրինությունների դեմ կպայքարի, նախարարը պատասխանել է. «Իշխանությունների թեկնածուն է, թե իշխանությունների թեկնածուն չէ՝ պետք է թույլ տալ մարդուն աշխատել, բացարձակապես ճիշտ չէ, երբ այն մարդիկ, ովքեր պետք է նրա գործընկերը լինեն, իսկ դա լրագրողներն են, ի սկզբանե նման վերաբերմունք ցուցաբերեն: Դուք դեռ չեք տեսել, որ ինքն անի ինչ-որ հակառակ բան, կամ չարդարացնի այն ակնկալիքներն ու սպաումները, որ դուք ունեիք»:

Ինչ վերաբերում է նրան, որ Թաթոյանը ՄԻԵԴ-ում պաշտպանել է ոչ թե քաղաքացու, այլ պետության շահերն ընդդեմ քաղաքացիների, Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է. «Պրոֆեսիոնալ որոշակի դիրքորոշում ներկայացնելը չի նշանակում՝ ՄԻԵԴ-ում հակառակ դիրքերից հանդես գալ: Ես գիտեմ, որ նա կարող է շատ լավ օմբուդսմեն աշխատել, իսկ եթե նա չի հաջողի, դրան ականատես կլինեք թե՛ դուք, եւ թե՛ ես»: