Գրքի տոնին ընդառաջ «Գազպրոմ Արմենիա»-ի վարչական ապարատը նախաձեռնել է «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» ակցիան՝ աշխատակիցների կողմից հավաքված գրքերը Գյումրիի Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանին նվիրելու համար:
Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաձեռնությունը մեծ ոգեւորությամբ է ընդունվել աշխատակիցների կողմից եւ շատ կարճ ժամանակահատվածում հավաքվել է մի ամբողջ գրադարան՝ մոտ 4500 կտոր գիրք, ինչպես նոր ձեռք բերված, այնպես էլ հին հրատարակություններ: Չնայած ակցիան հայտարարված էր «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք», բայց աշխատակիցների կողմից տրամադրվել են մեկից ավելի գրքեր, այդ թվում մանկական գրականություն, դասական արժեքավոր հրատարակություններ, բառարաններ եւ այլն: Իսկ աշխատակիցներից մեկը իր անձնական գրադարանից հատկացրել է ավելի քան 300 գիրք:
Նախաձեռնությանը միացել են նաեւ «Երեւանգազը», Արմավիրի ու Մարտունու մասնաճյուղերը:
«Ի ուրախություն բոլորիս, գիրք նվիրելու մշակույթը աստիճանաբար վերադառնում է կյանք եւ նորովի արժեւորում գրքի ու գրականության դերը, մարդկանց գիտակցության մեջ վերափոխում վերաբերմունքը դեպի գիրքը: Նախաձեռնությունը, որն այսօր մենք համարում են կայացած, կլինի շարունակական, որին հաջորդ տարի պատրաստակամություն են հայտնել միանալու նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ի մյուս մասնաճյուղերն ու դուստր ընկերությունները»,-նշել է հասարակայնության եւ ԶԼՄ-երի հետ կապերի ծառայության պետ Շ. Սարդարյանը:




























