Տարեցտարի Գրքի տոնն ավելի ու ավելի շատ մարդկանց է համախմբում գիրք նվիրելու եւ ստանալու գաղափարի շուրջ, տոնը գնալով մեծ ծավալ է ստանում եւ մտնում մեր իրականության մեջ: Այս մասին այսօր` փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Հայաստանում 2008թ.-ից փետրվարի 19-ը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Հրատարակիչները նկատում են, որ այդ օրը գրախանութները նույնքան մարդաշատ են լինում, որքան ծաղկի սրահները` Մարտի 8-ին եւ Ապրիլի 7-ին:
«Ուրախալի է, որ հիմա երիտասարդները չեն ամաչում գրքերը ձեռքերին քայլել, կամ նվիրել իրար: Իմ ուսանողական տարիներին եթե մի քանի գիրք էր լինում ձեռքներիս, դնում էինք տոպրակի մեջ, որովհետեւ «ռեպլիկ» թողնելու խնդիր կար»,- նշեց Արքմենիկ Նիկողոսյանը:
Չնայած դրական տեղաշարժերին, մտահոգիչ է այն, որ Հայաստանում գրքերը քիչ են վաճառվում. այսպես է կարծում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նրո խոսքով, 2015թ. հրատարակչության գրքերը վաճառվել են միջինը 40 օրինակով, այն դեպքում, երբ ընթերցողներին է առաջարկվում 700 նմուշի գիրք:
«Սա նշանակում է, որ մի գիրքը հայաստանցիների 0.0005 տոկոսին բաժին ընկնում: Ես ուզում եմ, որ այս իրավիճակը փոխվի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինի խոսքով, հրատարակչությունը որոշակի քայլեր է անում, որպեսզի գիրքը վերագտնի իր արժանի տեղը, կազմակերպելով գրողների, թարգմանիչների համար մրցույթներ, ընթերցանության դպրոցական օլիմպիադաներ, սակայն համակարգային փոփոխությունների համար պետական հովանավորչություն եւ աջակցություն է անհրաժեշտ:
«Ես հուսով եմ, որ իշխանությունը մի օր կփոխվի եւ գիտելիքով մարդիկ իշխանության գլուխ կգան»,- նշեց հրատարակչության տնօրենը:
Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը, կարեւորելով անձի ձեւավորման գործում ընթերցանության դերը, նշեց, որ այն զարգացնում է մարդու մտածողությունը, երեւակայությունը, ուշադրությունը, հնարավորություն տալիս մարդուն որոշակի խնդիրների բախվելիս ավելի արագ եւ հեշտ լուծումներ գտնել:
«Պետք է ամեն կերպ խրախուսել ընթերցանության մասսայականացումը, քանի որ որքան զարգացած է մարդու երեւակայությունը, այնքան արագ է կողմնորոշվում նա կյանքում»,- եզրահանգեց հոգեբանը:




























