Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություններն տարանջատելու հարցը քաղաքական հարթության մեջ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արփինե Հովհաննիսյանը:

Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` կարճ ժամանակահատվածում նախարարությունները միավորել, հետո առանձնացնել, ինչը իր հերթին առաջացնում է կադրային ու տեխնիկական լուրջ խնդիրներ, նա պատասխանեց. «Որոշակի բարդություններ միշտ էլ լինելու են, չեմ կարող ասել` այսպես հարթ ընթացող գործընթացներ են, բայց միայն մասնագիտական ու աշխատակազմերի նպատակահարամությունից չենք նայում հարցին: Հարցը քաղաքական հարթության մեջ է, արդյունավետ կգործեն, թե ոչ, եւ ինչու է այսպես որոշվել եւ այլն: Բացի այս հարցերից կա մի խնդիր` այդ նախարարությունները ժամանակին բավական նորմալ կերպով աշխատել են, երբ առանձին են եղել»:

Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց տարբեր երկրների փորձը, որ մեկ տարվա մեջ ստեղծվել ու առանձացել են մի քանի տասնյակ նախարարություններ: «Օրինակ, Իսրայելի փորձը կարող եք ուսումնասիրել: Քաղաքական համագործակցության ձեւաչափը խնդրիների լուծման ձեւաչափերից մեկն է, եթե գնում ենք խնդիրների լուծման, պետք է պատասխանատվություն ստանձնել, եթե պատասխանատվություն ես ստանձնում, պետք է ունենալ գործունեության ոլորտ»,-ընդգծել է նախարարը: