Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամ, դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը կարծում է, որ 1921թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը Հայաստանի համար փրկություն էին։

Նա ընդունում է, որ 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը իրավական առումով մեր օգտին չի եղել, քանի որ Հայաստանը չի  մասնակցել դրա ստորագրմանը։ «Մեր ռուս բարեկամներն առաջարկել են վերանայել պայմանագիրը։ Սակայն յուրաքանչյուր քաղաքական քայլից առաջ պետք է լավ մտածել։ Եթե Մոսկվայի պայմանագիրը խզվի, կմնա 1920թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Իսկ մի՞թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ նոր պայմանագիր ստորագրել»,- հարցադրում է արել Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով խզել 1921թ. մարտի 16-ին ՌԽՖՍՀ իշխանությունների եւ Թուրքիայի միջեւ կնքված եղբայրության եւ բարեկամության մասին պայմանագիրը։