Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 19-ին, կայացվեց սահմանադրական հանրաքվեին այլ անձի փոխարեն քվեարկելու եւ քվեարկելուն օժանդակելու գործով հերթական դատավճիռը։

Այլ անձանց փոխարեն քվեարկելուն օժանդակած Երևանի 114 դպրոցում տեղակայված թիվ 10/20 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Լուսինե Մնացականյանը եւ այլ անձանց փոխարեն քվեարկած մեղադրյալներ Արմեն Մեհրաբյանը, Արամայիս եւ Դավիթ Նադարյանները մեղավոր ճանաչվեցին՝ ենթարկվելով 500 000-ական ՀՀ դրամի չափով պատիժ-տուգանքի։

Մեղադրյալնները իրենց մեղավորությունը ընդունեցին, եւ խնդրեցին դատարանից մեղմ պատիժ սահմանել։ 500 000 դրամով տուգանվելը, կարծես թե, «նրանց սրտով էր»։

«Հա, հա նորմալ էր, պարտք կվերցնենք կտանք»,-դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին թռուցիկ պատասխան տվեց մեղադրյալներից մեկը։

Նույն ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Դավիթ Սիմոնյանը, որը դատարան էր եկել սատարելու իր «հովանավորյալներին», լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանված պատժի հետ համաձայն են, իսկ ընտրակեղծիքը կատարվել է գաղափարներից եւ սկզբունքներից ելնելով։

Դավիթ Սիմոնյանը նույնիսկ հանձն առավ տուգանված ընտրակեղծարարների փոխարեն վճարելու գործը։

«Ընդունում ենք մպատիժը, պարտք կանենք, վարկ կվերցնենք, մեր անհատական միջոցներով կփակենք, Հանրապետականը չի օգնի»,- ասաց Սիմոնյանը՝ «դու՞ք, չորսի փոխարեն» ճշտող հարցին պատասխանելով «այո, ես»։

Նշենք, որ Լուսինե Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության 73 հասցեում գտնվող 114 դպրոցում տեղակայված թիվ 10/20 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, թույլատրել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիներ Արմեն Մեհրաբյանին, Արամայիս Նադարյանին և Դավիթ Նադարյանին իրենց անձնագրերով քվեարկել Լուսինե Ասլանյանի, Մարիամ Դեմիրճյանի և Անահիտ Հարությունյանի փոխարեն։

Լուսինե Մնացականյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 38-153, իսկ Արմեն Մեհրաբյանը,  Արամայիս եւ Դավիթ Նադարյանները՝ 153-րդ հոդվածներով։