Դաշնակցությունը մեկ տարի առաջ դեմ է եղել Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Տարածքային կառավարման նախարարության միավորմանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Երբ որ միացնում էին, մենք կողմ չէինք սրան, որովհետեւ համարել ենք` ճիշտ չի դա եւ բնականաբար, մեր մոտեցումը նույն է մնացել ՀՅԴ-ն նախարարությունների ընտրությունը կատարել է հստակ պատկերացումների շրջանակում: Պարզ տրամաբանությամբ ենք առաջնորդվել, որովհետեւ այս նախարարություններում ունենք ավելի հստակ պատկերացումներ` ինչ պետք է անենք»,-ընդգծել է Ռուստամյանը:
Անդրադառնալով իր գործընկերների քննադատությանը, որ քաղաքական նպատակահարամությունից ելնելով` առանձնացնում են մեկ տարի առաջ միավորված նախարարությունը Դաշնակցությանը պաշտոն տրամադրելու համար, նա հիշեցրել է. «Ժամանակին արտակարգ իրավիճակները նախարարություն չէր, իսկ նախարարությունը ստեղծվել է ՕԵԿ-ին տալու համար, այսինքն մարդիկ, որ հայտարարություն են անում թող հիշեն ժամանակին ինչ է եղել»:





























