Վանաձորի Հայքի հրապարակում այսօր՝ փետրվարի 19-ին, հավաքված անհատ տաքսու վարորդների պահանջը մեկն էր. նվազեցնել համայնքի ավագանու կողմից սահմանված տարեկան տուրքի չափը: Ավագանու որոշմամբ այն տարեկան կազմում է 15.000 դրամ, որը, ըստ տաքսու վարորդների՝ բավականին բարձր է, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ օրենքը թույլատրում է սահմանել 0-ից 10.000 դրամ:
Վարորդների խոսքով, ավագանին սահմանել է ոչ միայն առավելագույն դրույքաչափը, այլեւ կիրառել քաղաքային համայնքների համար թույլատրվող 1.5 գործակիցը:
Եվ քանի որ տուրքի դրույքաչափը սահմանել է ավագանին, տաքսու վարորդները հենց նրանց էլ դիմեցին՝ տուրքի չափն իջեցնելու կամ 0-ացնելու պահանջով: Այսօր նշանակված ավագանու նիստն սկսվեց նիստերի դահլիճում հավաքված տաքսու վարորդների բողոքով:
«Մինչեւ վերջին խազը դրել եք տուրքը: Դա մեր քաղաքի համար մի քիչ անտրամաբանական երեւույթ է: Դա մեզ համար մեծ գումար է, տարեկան ծախսը հաշված, ճանապարհների քանդված վիճակը հաշված: Որ կողմ գնում ես, թումբ ու փոս է: Չենք կարում մեքենա պահենք»,- դժգոհեցին վարորդները, նկատելով, որ մյուս համայքների համեմատ Վանաձորում տուրքի չափն ամենաբարձրն է:
Քաղաքապետ Սամվել Դարբինյանը տեղեկացրեց, որ այս տարվա բյուջեն ու տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանվել են դեռ նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին ու այլեւս հնարավոր չէ փոփոխել այն:
«Դուք ուշացրել եք ձեր հարցի բարձրացումը: Մենք կարող ենք վերանայել հաջորդ տարվա համար: Որ ասենք 0 է լինելու՝ չէ, կարող է իջեցնենք 10.000, 12.000 դրամ»,- ասաց Դարբինյանը:
Ավագանու անդամների համար տաքսու վարորդների բողոքն անակնկալ էր: ՉՆայած նրան, որ շուրջ մեկ շաբաթ առաջ գրավոր դիմումով քաղաքապետարան դիմած տաքսու վարորդներին վստահեցրել էին, որ նրանց դիմումը կփոխանցվի նաեւ ավագանու անդամներին, մինչ այսօր դա չէր կատարվել, ինչն ավելի բորբոքեց վարորդների դժգոհությունը:
Որեւէ դրական պատասխան չստանալով՝ վարորդները հեռացան նիստերի դահլիճից, նշելով, որ տեղական տուրքը չեն վճարելու, իսկ տույժ տուգանքներ կիրառվելու դեպքում բողոքի ակցիան շարունակելու են Երեւանում:






























