Խորհրդային Հայաստանին մեղադրում են այն բանում, որ նա կոմունիստներին թույլ է տվել Թուրքիային հանձնել հայկական տարածքների մի մասը՝ Կարսն ու Արդահանը։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին փետրվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատերազմական իրավիճակում է եղել եւ չէր կարող նոր պատերազմի մեջ ներքաշվել։ «Հետեւաբար Թուրքիայի հետ պայմանագիր էր կնքվել, որում ներառված չէին Կարսն ու Արդահանը։ Պատճառը, ինչի համար այդ տարածքները ներառված չէին 1921թ. Մոսկվայի պայմանագրում, միայն եւ միայն 1920թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրն էր, որը ստորագրել էին դաշնակները։ Թուրքական կողմը պնդում էր պահպանել այդ պայմանագրի դրույթները»,- ընդգծել է Սարգսյանը։