«Հայազն» կուսակցությունը առաջարկում է ընդդիմությունափոխություն անել՝ 2016թ. ընտրելով Ազգային հեղափոխության քաղաքական խորհուրդ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, կուսակցության խորհրդաժողովին հայտարարեց քաղխորհրդի անդամ Արմեն Աղայանը։
«Այս առաջարկությունը վերաբերում է Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր բեւեռի կազմակերպման սկզբունքներին, որոշակիորեն վերակառուցմանը եւ գաղափարական ուղղվածության փոփոխությանը։ Այս ծրագիրը մշակվել է ներկա քաղաքական պայմաններին համապատասխան, որը կարելի է կոչել ընդդիմությունափոխություն՝ ընդդիմադիր դաշտի գաղափարական եւ կազմակերպական ձեւերի փոփոխություն»,-նշեց «Հայազն» կուսակցության անդամը։
Արմեն Աղայանի խոսքով՝ ժողովուրդը պետք է ընտրի ոչ միայն իշխանությանը, այլեւ ընդդիմությանը, իսկ 2016թ. կուսակցության կողմից առաջարկվող ընտրությունները պատահական չէ, որ նախորդում են 2017թ. խորհրդարանական ընտրություններին։
«Բոլոր ընդդիմադիրները իշխանափոխություն են ցանկանում, սակայն իշխանափոխությունը պետք է ինքնանպատակ չլինի, դրան պետք է հաջորդի ազգային պետության ստեղծումը։ Մենք բողոքում ենք, որ Հայաստանում իշխանությունը ընտրված չէ, սակայն ընդդիմադիր դաշտի բոլոր առաջնորդները ինքնահռչակ են։ Մենք առաջարկում ենք, որպեսզի ժողովուրդը ընտրի, թե ումով է ուզում իշխանությունը զավթածներին փոխարինի, իսկ փոխարինողները ինչ ծրագրեր ունեն»,-ասաց նա։
«Հայազն» կուսակցությունը այս հարցի լուծումը տեսնում է բոլոր մարզերում զուգահեռաբար առաջադրել ազգային-հեղափոխական թեկնածուներ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու, ժողովրդի աջակցությունը ստանալու եւ հետագա պայքարի համար իրավական հիմքեր ունենալու նպատակով։ Եւ քանի որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն բացառապես կուսակցությունները, առաջարկվում է Քաղաքական խորհրդի ընտրության եւ պատգամավորության թեկնածուների առաջադրման առիթով ձեւավորված կառույցը օժտել կուսակցության կարգավիճակով։





























