Դաշնակցությունը դժվար պահին է բեռ վերցնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում իր ելույթում նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ:
«Մենք քաղաքական այս համագործակցության ընթացքն ու հիմնավորումները ներկայացրել ենք: Անհրաժեշտությանը բխեցրել ենք նոր Սահմանադրությունից, երկրում որակական, արմատական փոփոխություններ կատարելու հրամայականից: Ստորագրվելիք երկկողմ համագործակցության համաձայնագրում ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեն նպատակներն ու անելիքները: Ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեն Հանրապետության նախագահի վերջին ծրագրային ելույթի եւ մեր մոտեցումների ընդհանրությունը»,-ասել է նա:
Վարդանյանի խոսքով, ուժերի մեկտեղումը այս փուլում իրենք դիտարկում են գործնական քայլերով քաղաքացիների մոտ հույս, դրական սպասումներ առաջացնելու, աշխատանքով բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու հնարավորություն:
«Մենք այս քայլին գնում ենք հավատով ու պատասխանատվությամբ: Դժվար պահին բեռ վերցնելու կամքով: Հայհոյանքը, չարախոսությունը, չկամությունը մեզ հետ չեն կանգնեցնելու ծառայության մեր սկզբունքներից:
Հիմա ի՞նչ է քննարկվում այստեղ: Հստակ ասվեց՝ նախարարությունը բաժանվում է քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ: Հիշեք՝ գլխավորը «քաղաքական» բառն է: Ու սա չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ քաղաքական որոշ ուժեր ու գործիչներ: Զարմանալի, բայց նաեւ զարմանալի չէ, երբ այստեղ դրսեւորվող պատկերն ու հոգեբանությունն ես նկատի ունենում:
Խոսում են կոալիցիայի իրենց պատկերացումներից, խոսում են Դաշնակցության անունից, խորհուրդներ են տալիս: Ձեզ նայեք: Դուք ի՞նչ եք արել: Մի փուշ հանե՞լ եք այս ժողովրդի մատից»,-ընդգծել է պատգամավորը:
Անդրադառնալով պնդումներին, որ նոր նախարարություն ստեղծելով ավելանում են բյուջեի ծախսերը, լրացուցիչ աշխատակազմ ու մեքենաներ պահելու համար, Աղվան Վարդյնյանը նշել է. «Մենք ԱԺ-ում 12 մշտական հանձնաժողով ունենք՝ իրենց նախագահներով, տեղակալներով, մեքենաներով: Էդքան խիստ անհրաժեշտությու՞ն են, թե՞ քաղաքական նպատակահարմարություն: Այս քննարկվող հարցը պոպուլիզմի, ինքնահաստատման միջոց դարձնելը, հանրության մոտ այս համագործակցությունը վարկաբելու, կոպիտ ասած՝ աչոկ հավաքելու փորձերը եղել ու լինելու են: Շարունակեք նույն ոգով: Մենք՝ դաշնակցականներս, աշխատանքի եւ պատասխանատվության կողմանից ենք»:





























