Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային տաքսիներից մեկում պայուսակից դրամապանակի գողության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015 թվականի նոյեմբերի 24-ի առավոտյան առերեւույթ հանցագործություն կատարած անձը երթուղային տաքսիով երթեւեկելու ընթացքում քաղաքացու պայուսակից հափշտակել է նրա դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար, քաղաքացու սոցիալական քարտը, բանկային քարտը՝ գաղտնաբառով, որից նույն օրը կատարվել է կանխիկացման գործարք՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի վնաս:
Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի եւ 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի մոտ տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որում երեւում է տուժածի՝ գողացված քարտով գումարի կանխիկացման գործարք կատարած անձը:
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ նշված անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:






























