Քաղաքացի Գոհարիկ Ս.-ն, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում, հայտնել է ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ տվյալներ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Գոհարիկ Ս.-ն հայտնել է, որ ոստիկանության ծառայողի ուղղորդմամբ ինքն ու եղբայրը թմրամիջոցներ են գցել իրենց տանը հյուրընկալված ծանոթների հագուստների եւ նրանց ավտոմեքենաների մեջ: Այնուհետեւ ոստիկանության նույն ծառայողը հիշյալ անձանց քրեական պատասխանատվության չենթարկելու համար նրանցից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով կաշառք:
Գոհարիկ Ս.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























