Կառավարությունը շարունակական հնարավորություններ է ստեղծում, որպեսզի մատաղ սերունդը որակյալ կրթություն եւ գիտելիք ստանա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրվա եւ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ հանրապետության մի քանի դպրոցների աշակերտների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կառավարության ղեկավարին այցելելու՝ օրվա խորհրդին համահունչ նախաձեռնությունը դպրոցականներինն էր. նրանք շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին Գիրք նվիրելու օրվա առթիվ, հատվածներ արտասանել տարբեր գրողների ստեղծագործություններից եւ վարչապետին գրքեր են նվիրել:
Իր հերթին շնորհավորելով երեխաներին օրվա առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը նրանց հորդորել է շարունակել լավ սովորել եւ հաջողություններ արձանագրել ուսման մեջ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակական հնարավորություններ է ստեղծում, որպեսզի մատաղ սերունդը որակյալ կրթություն եւ գիտելիք ստանա: Կառավարության ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել դպրոցականներին խելացի նախաձեռնության համար եւ նրանց գրքեր նվիրել:
«Մենք առիթ ունենք ձեզնով հպարտանալու, եւ դուք կարող եք ձեր լավ կրթությամբ ու գիտելիքով կառուցել ամուր ու հզոր Հայաստանի Հանրապետություն», - ասել է վարչապետը:





























