ԼՂՀ պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով այսօր՝ փետրվարի 19-ին, վաղ առավոտյան զոհված 19-ամյա Թեմուր Սլոյանը Կոտայքի մարզի Պռոշյան համայնքից էր:
NEWS.am-ի թղթակցին Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը հայտնեց, որ Թեմուրը բանակ էր զորակոչվել վեց ամիս առաջ:
«Տան փոքրն էր, իրենից մեծ երեք քույր ուներ: Հայրն էլ տարիներ առաջ է մահացել»,- ասաց գյուղապետը:
Արթուր Մուրադյանի խոսքով՝ հարազատները դեռեւս չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը եւ Թեմուր Շարիի Սլոյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:






























