ԼՂՀ-ում այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ պատահարի հետեւանքով զոհված 19-ամյա Կամո Հովհաննիսյանը Արցախի Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքի ղեկավարի որդին էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Շահումյանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը:
«Նոր Էրքեջ համայնքի ղեկավար Արա Հովհաննիսյանի ավագ որդին էր, իրենից փոքր երեք եղբայր ուներ»,- ասաց Կարեն Եղիշյանը:
Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Կամոն բանակ էր զորակոչվել 7-8 ամիս առաջ: Թե ինչ է տեղի ունեցել, հարազատները դեռեւս չգիտեն:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը եւ Թեմուր Շարիի Սլոյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




























