Եթե Արտակարգ իրավիճակների եւ Տարածքային կառավարման նախարարությունների միավորումը 1,5 տարի առաջ չլիներ, միգուցե այսքան սուր չլինեին տարանջատմանն ուղղված քննադատությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Նախարարությունն առանձնացնելու որոշումը ներկայացվում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Դա հիմնավորում չէ: Պետք է նշեին այսինչ իրավիճակից ելնելով միավորվեցին, որը միգուցե արդյունավետ չի եղել եւ դրանից ելնելով նորից առանձնացվում է: Կառավարության կառուցվածքը չպետք է դարձնենք քաղաքական համագործակցության կամ քաղաքական նպատակահարմարության շահարկման առարկա»,-ընդգծեց Մելքումյանը:
Ըստ պատգամավորի՝ Տարածքային կառավարման նախարարությունը լրջագույն գերատեսչություն է, իրականացնում է կառավարության քաղաքականությունը մարզերում, հետեւաբար եթե քաղաքական ուժերի կարիքն անհրաժեշտ է կառուցվածքային փոփոխության հարցում, ուրեմն պետք է կառուցվածքային տեսանկյունից ներկայացնեին տարանջատման որոշման հիմնավորվածությունը:
Մեր հարցին, թե միգուցե ԲՀԿ-ն խանդից ելնելո՞վ է դեմ քվեարկել նախարարությունների տարանջատմանը, հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն չի ընդգրկվել իշխանական կոալիցիայում,
Մելքումյանը պատասխանեց. «Մենք սպասում էինք այդ հարցադրումներին, հիմա ի՞նչ է, եթե դաշնակցական նախարարների մարզպետների, ղեկավարած ոլորտների խնդիրները քննադատենք, պիտի ասեք խանդո՞ւմ եք: Խանդը քաղաքական կատեգորիա չէ: Մենք հստակ ներկայացրել էինք մեր՝ կոալիցիա չկազմելու անհրաժեշտությունը»:
Նշենք, որ ԱԻՆ-ը եւ Տարածքային կառավարման նախարարությունները տարանջատվել են ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության շրջանակներում, որպեսզի Տարածքային կառավարման նախարարի պորտֆելը հանձնեն ՀՅԴ-ին, նախարար է դառնալու Դավիթ Լոքյանը:
Համապատասխան օրենսդրական փոփոխությունն այսօր ընդունվել է ԱԺ նիստում:





























