Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է, որ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման ծրագրով իրականացվել են 5,9 մլրդ դրամի աշխատանքներ, այդ թվում՝ 3464.5 կմ ձմեռային եւ 2978.9 կմ ամառային ճանապարհների պահպանման աշխատանքներ: Կատարվել է 1720 կմ երկարությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածների ծածկի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, ավարտվել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների ցանցի տեսաձայնագրությունը եւ այլն:
Գ. Բեգլարյանը նշել է, որ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով` շուրջ 3.2 մլրդ դրամի հաշվին, իրականացվել են 43.09 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ շահագործման է հանձնվել 3.2 կմ երկարությամբ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը: Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրվել է 5,24 մլրդ դրամ: Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ենթածրագրի շրջանակներում 2015թ. կնքվել է 1,0 մլրդ դրամ ընդհանուր արժեքով Դիլիջանի թունելի հիմնանորոգման պայմանագիրը. արդեն սկսվել են աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2016-2017թթ:
Նախարարի խոսքով՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում էր իրականացնել շուրջ 97 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վերանորոգում: Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած տնտեսումների հաշվին կհիմնանորոգվեն եւս 38 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհահատվածներ:
Անդրադառնալով «Հյուսիս հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրին, նախարար Բեգլարյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի մասնակցությամբ 2015թ դեկտեմբերի 29-ին բացվել է ծրագրի Տրանշ 1-ի՝ շուրջ 31կմ երկարությամբ Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածի երկկողմանի երթեւեկությունը: Տրանշ 3-ի շրջանակներում կառուցվելիք Լանջիկ-Գյումրի 27,5կմ հատվածի շինարարության տեխնիկական վերահսկող կազմակերպություն է ընտրվել Իտալական կոնսորցումը, իսկ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը կիրականացնի կառուցման աշխատանքները: Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների համար հայտարարվել է միջազգային մրցույթ, արդյունքներն ամփովել են, պայմանագիրը կնքման փուլում է:
Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ վարկային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերը գերակատարվել են՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր 1-ին Տրանշով՝ 2 մլրդ դրամով, եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով՝ 8 մլրդ դրամով: 2015թ ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 944.8 մլն դրամ տուրք եւ ոչ հարկային եկամուտներ պլանավորված 712.6 մլն դրամի դիմաց: Նշվել է , որ միջպետական 22 երթուղիների սպասարկման համար հայտարարվել է մրցույթ, իսկ երթուղիների սպասարկման համար 27 օտարերկրյա փոխադրողներին տրվել են 81 թույլտվություններ:
Վարչապետ Աբրահամյանը դրական է գնահատել տրասնպորտի եւ կապի նախարարության աշխատանքը եւ նշել, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ պետական, միջպետական եւ համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման, գյուղական բնակավայրերում տրանսպորտի կազմակերպման:
Կարեւորելով Իրանի հետ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը, գործադիրի ղեկավարը հանձնարարել է ակտիվացնել քննարկումները դրանք գործնական փուլ տեղափոխելու համար:



























