Գալուստ Սահակյանն ապաքինվել է, արդեն կարող է դուրս գրվել հիվանդանոցից, ինքը պետք է որոշի մնալ հիվանդանոցում, թե չէ: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին NEWS.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Այս պահին կայուն, լրիվ ապաքինված վիճակ է, անհանգստանալու որեւէ խնդիր չունենք: Գալուստ Սահակյանը, եթե նախընտրի մնալ բժիշկների հսկողության ներքո, կարծում եմ, որ մինչեւ լույս կարող է մնալ այստեղ»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին փետրվարի 17-ի երեկոյան շտապ տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում է եղել:
Բժիշկները սկզբում ԱԺ նախագահի մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին կասկածում, սակայն դրանք ժխտվել են։ Գալուստ Սահակյանին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով հետազոտվել է:




























