Սեպտեմբերի 15-22-ը Ծաղկաձորի գրողների միության տանը կազմակերպվել է Նանոֆոտոնիկայի եւ Նանովոլտայիկայի 2-րդ միջազգային դպրոցը, որին մասնակցում են 12 երկրի` այդ ոլորտում առաջատար թվով 83 մասնակիցներ՝ պրոֆեսորներ, դասախոսներ եւ ասպիրանտներ: Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ միջազգային դպրոցի բացման պաշտոնական արարողությունը:

Հայաստանում ծրագրի պաշտոնական ներկայացուցիչը հանդիսանում է «Քվանտ» վարժարանը: Քվանտ վարժարանի եւ ծաղկաձորյան միջազգային դպրոցի կազմակերպչական հարցերով կոորդինատոր Վարդուհի Գրիգորյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դպրոցին մասնակցում են Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի դասախոսներ եւ ասպիրանտներ ընդհանուր թվով շուրջ 20 հոգի։ Ըստ Վ. Գրիգորյանի՝  դպրոցի նպատակն է հայ երիտասարդ գիտնականներին ներգրավել գիտության այս նոր ճյուղերի՝ նանոֆոտոնիկայի եւ նանովոլտայիկայի տարածման գործում։   

«Տարբեր երկրների ոլորտի մասնագետներ, ասպիտանտներ եւ դասախոսներ մեկտեղ հավաքվելով կարող են տեսակետների փոխանակում իրականացնել, իսկ այդ ամենը կարող է նպաստել, որպեսզի  աշխարհի այս նոր եւ արագ զարգացող ոլորտը զարգացման նոր փուլ  թեւակոխի նաեւ Հայաստանում»,- ասաց Վ. Գրիգորյանը՝ նշելով, որ ներկայումս Հայաստանում այս ոլորտում որոշակի աշխատանքներ իրականացվում են, օրինակ՝ Հայաստանի Ճարտարագիտական համալասարանում մի շարք երիտասարդ մասնագետներ այս ուղղությամբ որոշակի ուսումնասիրություններ են իրականացնում, սակայն, այդուամենայնիվ, մեր երկրում ոլորտը դեռեւս բավարար զարգացած չէ։

Վ. Գրիգորյանի տեղեկացմամբ՝ դպրոցի ֆինանսավորումը իրականացրել է Իտալիայի Տոր Վեռգատա համալսարանը՝ «Քվանտ» վարժարանի հետ երկար բանակցությունների արդյունքում։