ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է  դեռահասի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Գորիսի Սյունիքի փողոցի եւ Երեւանյան խճուղու հատման խաչմերուկում Ա.Բաղդասարյանի անվամբ հաշվառված «Մերսեդես Բենց 420» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել Երեւանյան խճուղու աջ կողնակում առկա գովազդային վահանակի սյանը, ինչի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից ուղեւոր, 15-ամյա տղան մահացել է, եւս 2 դեռահաս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ վթարի պահին ավտոմեքենայի ղեկին է գտնվել անչափահաս։

Քննությամբ պարզվել է, որ 2015թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակիչ Ա.Բաղդասարյանն իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան տեխսպասարկման կետ տեղափոխելու նպատակով հանձնել է եղբորորդուն, ով 15 տարեկան է։

Նույն օրը` ժամը 22-ի սահմաններում, Սյունիքի փողոցի եւ Երեւանյան խճուղու հատման խաչմերուկի սկզբնամասում երթեւեկելով ձախակողմյան ուղեմասով` դեռահասը, նախնական քննության տվյալներով,  թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ, դրանով իսկ պայմանավորել վրահաս պատահարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից։

Արդյունքում՝ ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի ուղեմասից եւ աջակողմյան հատվածով բախվել Երեւանյան խճուղու աջ կողնակում առկա գովազդային վահանակի սյանը, ինչի հետեւանքով ուղեւորներից մեկը՝ 15-ամյա Արենը, ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ղեկին գտնվող Նարեկը եւ նրան հասակակից Ալիկն ստացած վնասվածքներով տեղափոխվել են «Գորիսի բժշկական կենտրոն»:

Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու արդյունքում Արենին անզգուշությամբ մահ պատճառելու համար «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդ նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին` արարքը կատարելու պահին նրա քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին հասած չլինելու հիմքով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել դեռահասի հորեղբորը՝  «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով՝ տրանսպորտային միջոցը 16 տարին չլրացած անձին հանձնելու համար։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն: