Երեք տարի առաջ գազատար խողովակների պայթյունի պատճառով տնից զրկված Արարատի մարզի Այնթափ գյուղից Պետրոսյանների ընտանիքի անդամներն այսօր՝ փետրվարի 19-ին, կանգնել են Երեւանի Բաղրամյան փողոցի մեջտեղում՝ Բաղրամյան 26-ից պահանջելով վերահսկողության տակ առնել իրենց` «Գազպրոմ Արմենիայի» դեմ ներկայացված քաղհայցի քննությունը: NEWS.am-ի հետ զրույցում Արտակ Պետրոսյանը նշեց, որ ոստիկաններն իրենց ճանապարհի երթեւեկելի մասից ուժով են հեռցրել, որից հետո իրենց մոտեցել են նախագահականի ներկայացուցիչներ եւ ընդունել իրենց:
«Վերահսկողության ծառայության բաժնի պետը եղբորս ու հայրիկիս ընդունեց, խոստացավ, որ ամեն ինչ անելու են, որպեսզի գործին ընթաց տրվի: Տեսնենք ՝ ինչ կլինի, մենք երեքշաբթի կրկին կգնանք նախագահական նստավայր»,-ասաց նա:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Արտակ Պետրոսյանը նշել էր, որ ճարտարագիտատեխնիկական փորձաքննությամբ էլ է պարզվել, որ ապացուցվել է, որ տունը պայթել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից շահագործվող ապօրինի գազի գծի պատճառով:
Նշենք, որ Պետրոսյանների ընտանիքը «Գազպրոմ Արմենիայից» գումար եւ բնակարան է պահանջել որպես փոխհատուցում, քանի որ 2013թ. Պետրոսյանների տունը պայթել էր տան տակով անցնող պլաստմասե գազատար խողովակների պատճառով: Ծխախոտի կայծից առաջացած պայթյունից տունը փլուզվել էր, դարձել բնակվելու համար անպիտան, իսկ տան բնակիչ` 28-ամյա Արտակը, 2-րդ կարգի հաշմանդամ էր դարձել:
Ընտանիքը դեռ ոչ մի փոխհատուցում չի ստացել, քանի որ գործը 1 տարի է` քննության փուլում է:





























