Էներգետիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել, թե ինչու են ՀԷՑ-ի պարտքը վճարելու համար վարկ վերցնում։
Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Էներգետիկ համակարգի առողջացման ծրագրում ընդգրկված են մի շարք միջոցառումներ, որոնք կոչված են ապահովելու բաց եւ թափանցիկ գնագոյացում էլեկրամատակարարման շղթայի բոլոր օղակներում, դրանց հստակ հաշվառում եւ կառավարում: Ծրագրի՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող բաղադրիչն անդրադառնում է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական ճեղքվածքի բարելավմանը:
Այդ ճեղքվածքի մի մասը (22,4 մլրդ դրամ), որն առաջացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) չվճարումների պատճառով, ներառվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված սակագներում եւ վճարվում է յուրաքանչյուր ամիս: Ամբողջ գումարը կվճարվի մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը:
Միաժամանակ, ՀԷՑ-ի եւ այլ պարտապանների կողմից չվճարումների պարագայում ընկերություններն իրենց բնականոն գործունեությունն ապահովելու համար 2013-2015թթ. ստիպված են եղել ներգրավել առեւտրային վարկեր եւ կուտակել չվճարված պարտավորություններ, որոնք մարվում են ՀԷՑ-ի կողմից պարտքերը վճարելուն զուգընթաց, սակայն չընդգրկվելով սակագնում:
Առողջացման ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկով կմարվեն ընկերությունների առեւտրային բանկերում մնացած վարկերը եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ պարտքի մի մասը:
Հարկ է նաեւ նշել, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների բոլոր պարտքերի վերադարձը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատական գործընթացների իրականացման ճանապարհով եւ որեւէ կերպ չի կարող ընդգրկվել ընկերությունների սակագներում»:



























