Երեւանի «Շենգավիթ» համայնքում գործող «Գուդ վին» բուքմեյքերական գրասենյակում 2015թ. դեկտեմբերի 24-ին աշխատակից Արթուր Նազարյանի սպանության գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:
Նրանց փոխանցմամբ, գործով մեղադրյալ 32-ամյա Կարեն Շահինյանը դեռեւս գտնվում է հետախուզման մեջ:
Շահինյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի եւ 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ մինչեւ ժամը 11-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել ավազակային հարձակում՝ գումար հափշտակելու դիտավորությամբ։ Առերեւույթ հանցագործություն կատարած անձը որպես զենք օգտագործվող սուր կտրող ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել գրասենյակում աշխատող Արթուր Նազարյանի որովայնի, պարանոցի եւ կրծքավանդակի հատվածներին՝ սպանելով նրան ու հափշտակել գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։




























