Գիտնական եւ հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին հեռացել է Ռուսաստանից այն բանից հետո, երբ դատախազությունն «Էխո Մոսկվի»-ի կայքում հրապարակված նրա հոդվածում ծայրահեղականության նշաններ է հայտնաբերել: Այս մասին Twitter-ում հաղորդել է նրա փաստաբան Մարկ Ֆեյգինը: Իրավաբանի խոսքով, Պիոնտկովսկին հնարավոր քրեական հետապնդման մտավախություն ունի:
Ֆեյգինը սոցցանցում հրապարակել է նաեւ Գլխավոր դատախազությունից ստացված նամակը: Դրա համաձայն, «Ռումբ, որը պատրաստ է պայթել» վերնագրով հրապարակման մեջ ծայրահեղական արտահայտոություններ են հայտնաբերվել:
Հոդվածում ծայրահեղականության առկայությունը ստուգելու նախաձեռնությամբ հանդես են եկել գլխավոր դատախազություն է դիմել Պետդումայի 30 պատգամավոր՝ «Եդինայա Ռոսիա»-ի անդամ Շամսայիլ Սարալիեւի գլխավորությամբ, ինչպես նաեւ Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիային հակազդեցության հարցերի հանձնաժողովի ղեկավար Իրինա Յարովայան:
Ըստ Lenta-ի, Պիոնտկովսկու հոդվածը հրապարակվել է հունվարի 23-ին: Այն նվիրված է Ռուսաստանի կազմում Չեչնիայի ապագային: Հրապարակման մեջ Պիոնտկովսկին մեջբերում է կատարել պատմաբան եւ քաղաքագետ Դմիտրի Ֆուրմանի «Ամենաբարդ ժողովուրդը Ռուսաստանի համար» աշխատությունից, որում հեղինակը Չեչնիայի հետ Ռուսաստանը համեմատում է «մարդու հետ, որի մարմնում ժամացույցի մեխանիզմով ռումբ կա, որը որոշ ժամանակ անց անպայման պայթելու է»:
Հոդվածի վերջում հեղինակը հանգել է եզրակացության, որ անհրաժեշտ է Չեչնիան բացառել Ռուսաստանի կազմից: Հետագայում եզրափակիչ նախադասությունը հեռացվել է հրապարակումից:





























