Լոռու մարզի գործարաններում համատարած կրճատումներ են: NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ կրճատումներ են մարզի գրեթե բոլոր հանքարդյունաբերող, վերամշակող գործարաններում, հատկապես Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում:
Մեր տեղեկություններով, Ախթալայի գործարանում 250-ից ավելի աշխատակից է կրճատվել, նրանց մի մասին վճարում են հարկադիր պարապուրդի դիմաց, մի մասն էլ ազատվել է աշխատանքից: Կրճատումների պատճառով Ախթալայում խանութներ են փակվել, մեծացել է արտագաղթը:
«Շատերը ստիպված են հեռանում. խանութները փակվում են, մարդիկ վարկերի տակ են, փող չունեն վճարելու»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց կոմբինատի նախկին աշխատակից Գագիկ Ալիխանյանը, որը նույնպես կրճատման տակ է ընկել:
«Ասացին գնացեք, երբ որ աշխատանք կլինի, կկանչենք: Մաս-մաս են կրճատել, որ աղմուկ չբարձրանա՝ ամեն անգամ 30-50 հոգի: Ապրում ենք իմ 41 հազար դրամ թոշակով»,-ասաց Գագիկ Ալիխանյանը:
Նշենք, որ կրճատված աշխատակիցների մի մասին գործարանը դեռ չվճարած պարտքեր ունի:



























