Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին։
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նուբարաշեն» ՔԿՀ է գնացել եւ հանդիպել նրան։
«Վարդգես Գասպարիին քիչ առաջ են բերել այստեղ։ Գասպարին ՔԿՀ ընդունման սենյակում պառկած՝ ակցիա է իրականացնում եւ հրաժարվում է իր ոտքով տեղափոխվել խուց»,- գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ Գասպարիի կինը NEWS.am-ին հայտնել էր, թե ոստիկաններն այսօր՝ փետրվարի 19-ին, առավոտյան առանց որոշումը տրամադրելու գնացել են քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի տուն եւ նրան բերման ենթարկել:
«9:30 էր, եկան տարան, ձեռքերից, ոտքերից բռնած նստեցրին ոստիկանական մեքենա: Հավանաբար վերջին դատական գործի հետ է կապված, որ նա չէր ներկայացել, դրա համար են նրան բերման ենթարկել, ինչ-որ Շենգավիթի դատարանը նրան կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել»,-ասել էր Անահիտ Այվազին։
Հիշեցնենք, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը: Քաղաքացիական ակտիվիստը կտրականապես հրաժարվում է ներկայանալ դատարան, եւ դատավորը նրան կալանավորելու որոշում է կայացրել օրենքի խախտմամբ, առանց նրա ներկայության։





























