Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարի փաստաբանը բողոքարկել է նրան կալանավորելու՝ դատարանի որոշումը:
«Ոչ համաչափ խափանման միջոց է կիրառվել: Հանրային վտանգավորության եւ ծանրության աստիճանը ցածր է արարքի, ճիշտ չէ նման որոշում կայացնել: Ինքն արդեն 8 անգամ է՝ չի ներկայանում նիստերին, դատարանը հիմա է որոշում նրան կալանավորել այն դեպքում, երբ ամեն անգամ իրենք բերման ենթարկելու միջոցով կարողանում են ապահովել նրա ներկայությունը»,- ասաց փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
Որոշումը կայացրել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ քննվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար Վարդգես Գասպարիին առաջադրված մեղադրանքով քրեական գործը:
Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում թիվ ՎԴ/9157/05/13 վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիականեր եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական է մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:





























