Եթե դու համարում ես, որ մեկը էֆեկտիվ չի կառավարում, ո՞նց ես նրա հետ կոալիցիայի մեջ մտնում: NEWS.am-ի հետ զրույցում տարակուսեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը դաշնակցական Արմեն Ռուստամյանի այն հայտարարության վերաբերյալ, որ իշխանությունը հեղինակազրկված է, եւ ՀՅԴ-ն իր վարկանիշի հաշվին ստիպված է համագործակցում, որպեսզի երկիրը ծանր իրավիճակից դուրս բերեն:
«Իրենց ասածը իրականությանը չի համապատասխանում, պետք չի լուրջ վերաբերվել էդ տեսակ հայտարարություններին, որովհետեւ եթե դու համարում ես, որ մեկը էֆեկտիվ չի կառավարում, ո՞նց ես նրա հետ կոալիցիայի մեջ մտնում: Դա էմոցիոնալ, անգրագետ ձեւակերպումներ են եղել այդ մարդկանց կողմից: Դա իրականության հետ որեւէ կապ չունի: Իրականության հետ կապ ունի այն, որ երկու ազդեցիկ ուժ իրականում լայն ներկայացված են Հայաստանի հասարակության մեջ, փորձում են համատեղել իրենց ջանքերը»,-ասաց Բադեյանը:
Մեր զրուցակիցը կոալիցիաների համագործակցության արդյունավետությանն անդրադառնալով նշեց. «Կոալիցիաները տարբերվում են ամուսնություններից եւ տարբեր քաղաքական ուժեր ժամանակի ընթացքում դնում են տարբեր խնդիրներ ու այդ պատճառով կարող են բաժանվել կամ միավորվել: Կոալիցիաների ստեղծումը եւ փլուզումը բնական քաղաքական պրոցեսներ են: Արդյունավետությունը բարձր է լինում, երբ որ լինում են գաղափարական համակիրներ եւ երկրի զարգացման տեսլականները մոտ են լինում, խնդիրների լուծման եղանակաները նույնպես: Կարող են լինել կոալիցիաներ, որոնք առ ու ծախի նպատակ են հետպանդում» ,-ասաց Բադեյանը:
Մեր դիտարկմանը, թե Դաշնակցության այս համագործակցությունը հենց այդ հարթության մեջ է դիտարկվում, նա ասաց. «Երկու ուժերն էլ ազգայնական կուսակցություններ են եւ ունեն Հայաստանի վերաբերյալ նույն տեսլականը, երկուսն էլ պատասխանատու ուժ են: Այո, կարող են լինել գաղափարական անհամատեղելի որոշումներ, որի դեպքում պետք է փլվի, օրինակ անցած անգամ հայ-թուրքական արձանագրությունները»:



























