Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ երկու գլխով կառավարումն ավելի արդյունավետ կլինի: Ինքն անձամբ երրորդին էլ դեմ չէր, սակայն այդ կողմից ցանկություն չեղավ:

Մեր հարցին, թե ինչու ԲՀԿ-ին չհրավիրեցին` եռագլուխ կոալիցիա կազմելու համար, նշեց, որ բաց են իրենք, բայց այդ կողմից երրորդ գլուխ հանդիսացող ԲՀԿ-ն ցանկությունը պաշտոնապես ձեւակերպված չներկայացրեց Սերժ Սարգսյանին:

«Իրենք այդ ցանկությունը չհայտնեցին, մարդիկ ասել են` կսպասենք վերջում ինչ-որ մի բան կասենք: Ոնց հրավիրես կոալիցիա, եթե չեն հայտարարել դրա մասին»,-ասաց Բադեյանը:

Ըստ իշխանական պատգամավորի` պետք է ԲՀԿ-ն կուսակցական որոշում կայացներ, հայտարարեր երկիրը կառավարելու պատասխանատվությունը կիսելու պատրաստակամության մասին, ինչի ցհետո իշխանությունը արձագանքեր դրան:

«Մենք բաց ենք, մեր կուսկացությունը բաց է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, բայց մյուս կողմից էլ պետք է ցանկություն լինի, իրենք պիտի նախ ասեին դրա մասին: Իրենց կուսակցության մեջ շատերը կան, որ կողմնակից են, բայց կուսակցական որոշում չեղավ, ոնց հրավիրես իրենց կոալիցիա, եթե իրենք դրա ցանկության մասին չեն հայտարարում»: