Հայերենի պահպանման ու զարգացման համար անհրաժեշտ է նոր սահմանադրության պահանջներին համապատասխան փոփոխություններ կատարել Լեզվի մասին օրենքում: Այս մասին այսօր` փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
Սերգո Երիցյանի խոսքով, պետք է ստեղծել լեզվի հարցերով, հիմնախնդիրներով զբաղվող պետական մարմին, որը կզբաղվի ոչ թե լեզվի վերահսկողությամբ, այլ կառուցողական խնդիրներով:
«Լեզվի տեսչությունն այնպիսի մարմին է, որը վերահսկում է, սակայն չի կարող զբաղվել կառուցողական խնդիրներով, նաեւ այս հարցը պետք է լուծվի: Մենք պետք է օգնենք, որ մեր լեզուն անընդհատ զարգանա, այսօրվա մարտահարվերներից է փողոցային, ժառգոնային, հայերենին անհարիր լեզվախոսվածքը, որոնք կարող են բացասական ազդեցույթւոն ունենալ մեր լեզվի վրա»,-ասաց նա:
Սերգո Երիցյանը նշեց, որ անհրաժեշտ է պահպանել հայերենի երկու ճյուղերը` արեւելահայերենն ու արեւմտահայերենը, նրա խոսքով, այժմ արեւմտահայերենի պահպանման հետ կապված վտանգ կա:
«Արեւմտահայերենի պահպանման հետ կապված խնդիրներ կան, մեր երկու մեծ ձեռբերումներն են այս երկու ճյուղերը, որոնք պետք է կարողանանք պահպանել»,-ասաց նա:





























