Լեզվի պահպանման համար առաջին հերթին պետք է Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները  պահպանեն մեր արժեքային համակարգը, որպեսզի մայրաքաղաքում չլինեն «Թումանյանի շաուրմա», «Մաշտոցի շաուրմա», «Կոմիտասի շաուրմա» անվանումներով օբյեկտներ: Այս մասին այսօր` փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

«Պետք է «Թումանյանի շաուրման»  լինի Թումանյանի փողոցի շաուրմա, քանի որ Թումանյանը հաստատ շաուրմա չի ունեցել: Այսպիսի տնտեսվարողներին մենք հորդորում ենք, որպեսզի պահպանեն լեզվի արժեքային համակարգը, քանի որ ըստ էության, նրանք օրենքի խախտում թույլ չեն տալիս եւ մենք ոչինչ անել չենք կարող»,-ասաց նա:

Սերգո Երիցյանի խոսքով, խախտումներ հայտնաբերելիս տուգանքի չափը 100 հազար դրամ  է,  եթե երկրորդ տուգանքից հետո որեւէ բան չի փոխվում, նոր ավելանում է տուգանքի չափը:

«Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ վերահսկում ենք  անգամ ցուցանակները` դրանք  հայերեն են, թե ոչ: Ոչ մի երկրում այսպիսի բան չկա, եւ այս պարագայում դուրս են մնում լեզվի մաքրության, բառարանների անաղարտության եւ այլ հարցրի հետ կապված խնդիրները»,-ասաց նա: