Կրեմլում անհանգստացած են թուրք-սիրիական սահմանին լարվածության աճից եւ անթույլատրելի են համարում Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի գնդակոծությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Կրեմլում անհանգստացած են թուրք-սիրիական սահմանին աճող լարվածությունից», - ասել է նա` մեկնաբանելով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդերի դիրքերի ուղղությամբ հարվածները: Պեսկովը հիշեցրել է, որ այդ թեմային նախօրեին անդրադարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ընթացքում: «Ընդհանուր առմամբ Ռուսաստանն իհարկե անթույլատրելի է համարում անդրսահմանային այն գնդակոծությունները, որոնք իրականացնում է թուրքական կողմը եւ Սիրիայի տարածքը հրետակոծելը», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
Միաժամանակ նա անտեղի է համարել Անկարայի համանման գործողությունների հետեւանքով ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր հակամարտության վերաբերյալ հարցը:





























