Պետք է այնպես անել, որ ՏԿԱԻՆ-ի բաժանումը մեծ ազդեցություն չունենա պետբյուջեի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ժամանակին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից արված այն հայտարարությանը, թե 19-ը նախարարությունները Հայաստանի համար շատ են, դրանք պետք է վերամիավորվեն։

«Պետք է այնպես անենք, որ դա մեծ ազդեցություն չկարողանա ունենալ բյուջեի վրա, եւ մյուս տարվա բյուջեն արդեն հաստատելու ժամանակ այդ խնդիրները նկատի կունենաք»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Նշենք, որ Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորվել էին Կառավարության՝ 2014թ. նոյեմբերի 6-ի որոշմամբ հենց կառավարման համակարգի օպտիմիզացման ծրագրի շրջանակում։

Վարչապետը հայտարարել էր, որ այդ ծրագիրը արդյունավետ է ֆինանսական միջոցների տնտեսման, աշխատանքի արդյունավետության եւ վարչարարության տեսակետից։

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 19-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքը, համաձայն որի 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-79-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը լրացվել է հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) արտակարգ իրավիճակների նախարարություն.».

15-րդ կետի «տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինվել է «տարածքային կառավարման եւ զարգացման» բառերով:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ԱԻ նախարար կմնա Արմեն Երիցյանը, իսկ տարածքային կառավարման նախարար կնշանակվի ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը։