Ո՛չ Եվրանեսթ ԽՎ-ը եւ ոչ էլ մյուս խորհրդարանական ձեւաչափերը կոնֆլիկտների կարգավորման հարթակներ չեն: Այդ մասին ասել է Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, վեհաժողովի փոխնախագահ Արտակ Զաքարյանը, որը Բրյուսելում, Եվրախորհրդարանում մասնակցել է բյուրոյի հերթական նիստին:
Նիստում քննարկվել են 2016 թ. մարտի 21-23-ը տեղի ունենալիք հինգերորդ լիագումար նիստի օրակարգային խնդիրները։ Ի նկատի ունենալով Արեւելյան գործընկերության շրջանակում ստեղծված իրավիճակը` բյուրոյում քննարկվել է նաեւ Եվրանեսթ ԽՎ կառուցվածքի ձեւափոխման, վերջինիս կառույցներում ներգրավվածության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Առաջիկա լիագումար նիստում վեհաժողովը քննարկելու եւ հաստատման է ներկայացնելու չորս զեկույցներ` քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ հումանիտար թեմաներով։ Քաղաքական հարցերի հանձնաժողովի անունից պատրաստվող զեկույցի համահեղինակն է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Զեկույցի վերտառությունն է «ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ-պետությունների արտաքին քաղաքականությունն ու նրանց անվտանգության արտաքին սպառնալիքները»։
Բյուրոյի նիստում քննարկվել է նաեւ ադրբեջանական պատվիրակությանը հետ վերադարձնելու նպատակով Վեհաժողովի համանախագահների Բաքու մեկնելու առաջարկը, որը նախապես քննարկվել էր նաեւ Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի համատեղ խորհրդակցությունում։
Ադրբեջանի խորհրդարանը նախորդ տարվա հոկտեմբեր ամսին իր հատուկ նիստում, որպես դժգոհության քայլ` ուղղված Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ քննադատական բանաձեւերի ընդունմանը, որոշում էր կայացրել դադարեցնել իր մասնակցությունը Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքներին։ Այս հարցի վերաբերյալ իր ելույթում Արտակ Զաքարյանը հիշեցրել է բյուրոյի անդամներին, որ Եվրանեսթ ԽՎ-ի հիմնադրման առաջին իսկ օրվանից ադրբեջանական պատվիրակությունը հանդես է եկել հակահայկական գործունեությամբ եւ ապակառուցողական քայլերով շարունակ խաթարել է բազմակողմ խորհրդարանական գործունեության տրամաբանությունից բխող համատեղ նախաձեռնությունները:
Հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ դեմ չեն լինի, եթե Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահները փորձեն հետ վերադարձնել ադրբեջանական պատվիրակությանը, բայց դա չպետք է լինի Եվրանեսթ ԽՎ հեղինակության հաշվին եւ չպետք է ոգեւորի ադրբեջանցի խորհրդարանականներին՝ շարունակելու մարդու իրավունքների, ժողովրդավարության ու համաեվրոպական արժեքների դեմ ուղղված քաղաքականությունն ու գործընկեր պատվիրակություններին ուղղված շանտաժի դրսեւորումները։ Արտակ Զաքարյանը կարեւորել է հանգամանքը, որ ադրբեջանցիները, ի վերջո, հասկանան, որ ո՛չ Եվրանեսթ ԽՎ-ը եւ ոչ էլ մյուս խորհրդարանական ձեւաչափերը կոնֆլիկտների կարգավորման հարթակներ չեն։
Արտակ Զաքարյանը հավաստիացրել է, որ հայկական պատվիրակությունը ադրբեջանական կողմին Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակում որեւէ կերպ թույլ չի տալու աղավաղել ու խեղաթյուրել ղարաբաղա-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը ։





























