Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում նույնասեռականին չեն ծաղրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը՝ անդրադառնալով «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության իրավաբան Լուսինե Ղազարյանի պնդմանը, թե փետրվարի 15-ին, «Առագաստ» սրճարանի մոտակայքում ԼԳԲՏ համայնքի ծեծի ենթարկված ներկայացուցիչներից մեկի նկատմամբ բուժաշխատողները խտրական վերաբերմունք են ցուցաբերել՝ ծաղրուծանակի ենթարկելով նրան։

«Նման բան չի եղել։ Քաղաքացին դիմել է մեզ ու հրաժարվել է բոլոր տիպի բուժօգնություններից»,-ասաց Կարեն Սահակյանը։

Անդրադառնալով կազմակերպության այն հայտարարությանը, թե այս առնչությամբ դիմելու են ՀՀ Առողջապահության նախարարություն՝ Կարեն Սահակյանը նշեց, որ քաղաքացուն առաջարկված հետազոտությունների ամբողջ ծավալը կներկայացվի որպես ապացույց, որ նրան բուժօգնություն առաջարկվել է, սակայն ինքն է դրանցից հրաժարվել։

«Թող դիմեն, մենք ոչինչ չունենք ասելու։ Մեզ մոտ ամեն ինչ ձեւակերպված է՝ առաջարկությունները, հետազոտության ամբողջ ծավալները, այն ամենը, ինչ որ պետք է արվեր, որից ինքը հրաժարվել է։ Մենք էլ դա գրավոր ձեւով կներկայացնենք»,-ասաց գլխավոր բժիշկը։

Կարեն Սահակյանի խոսքով՝ հիվանդանոցում առհասարակ բացառված է հիվանդների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելը։

«Մեզ մոտ ոչ  մի խտրական վերաբերմունք չկա, նման բան չի կարող լինել։ Օրական կարող է՝ մի քանի նման հիվանդներ մեզ մոտ լինեն։ Մենք մեր աշխատանքն ենք անում, բուժծառայություն ենք մատուցում, սպասարկում, ուղարկում ենք հիվանդին, ի՞նչ կապ ունի՝ նույնասեռական  է, թե չգիտեմ ինչ»,-ասաց բժիշկը։

Նշենք, որ «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարծիք» հասարակական կազմակերպության (Pink Armenia) ՀՀ Առողջապահության նախարարություն բողոք կներկայացնի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ բուժհաստատություններում խտրական վերաբերմունք ցուցաբերելու առնչությամբ:

Կազմակերպության իրավաբան Լուսինե Ղազարյանի խոսքով՝ փետրվարի 15-ին, անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ԼԳԲՏ համայնքի 5 ներկայացուցիչներից մեկը դեպքի հաջորդ օրը դիմել է Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժզննության ենթարկվելու նպատակով, որտեղ ըստ նրա, իրեն ծաղրուծանակի են ենթարկել: Վերաբերմունքից վրդովված՝ քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  փետրվարի 15-ի երեկոյան Երեւանի «Առագաստ» սրճարանի մոտակայքում ծեծի են ենթարկել ԼԳԲՏ համայնքի 5 ներկայացուցչի: Նրանք բողոք են ներկայացրել ոստիկանություն: