Երեւանի Ամիրյան 2 հասցեում կառուցվող շենքի շինարարությունն իրականացնող ընկերությունը պնդում է, որ իրենք ապամոնտաժում են նույն հասցեում գտնվող՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի պահպանված ֆասադի այն հատվածը, որը կառուցվել է 1970-ական թթ. եւ ներառված չէ մշակութային արժեքների շարքում:
«1850թ. կառուցված ֆասադը պահպանվում է այնպես, ինչպես կա, իսկ այն մասը, որ հետո է ավելացվել, դա է քանդվում: Դա պատմամշակութային արժեք չէ, պատմամշակութային արժեքը 1850 թ. կառուցված մասն է: Հետեւի կողմից երեւում է, որ այդ երկու հատվածների միջեւ տարածություն կա, տարբեր ժամանակներում են կառուցվել: Հիմա այս մասը քանդվում է, որ իրական հնությունը արտացոլվի»,- ապամոնտաժման դեմ բողոքող, այն ապօրինի համարող ակտիվիստներին շինհրապարակ հրավիրելով` ասաց շինարարական ընկերության ներկայացուցիչ Գրիշա Չախոյանը:
Ակտիվիստները պահանջեցին ներկայացնել շինարարության նախագիծը, փակցնել այն տեսանելի վայրում, սակայն Գրիշա Չախոյանը հրաժարվեց՝ նրանց խորհուրդ տալով դիմել նոտարական գրասենյակ:
«Նախագիծը ընդամենը նկար է, որ փակցված էր քանի տարի, կեղտոտվել էր, պոկել ենք»,- ասաց նա:
Ակտիվիստներին, սակայն, այս պատասխանը չգոհացրեց. նրանք շարունակեցին պնդել, որ պետք է առհասարակ չքանդել ճակատային հատվածը:
«Ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել է, հուսանք` եկար ժամանակով, քանի որ քաղաքապետարանից էլ հայտնեցին, որ ճակատային հատվածի քանդման թույլտվություն որեւէ մեկին տրված չէ»,- NEWS.am-ին ասաց ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապամոնտաժում են Ամիրյան 2 հասցեում գտվող Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածը` ֆասադը: Քաղաքացիները, որ համոզված են` ապամոնտաժումն ապօրինի է, փետրվարի 20-ին, հավաքվել էին շենքի դիմաց` պահանջելով դադարեցնել այն:




























