Սյունիքի մարզի Հարժիս համայնքում բնակվող Մուրադ եւ Ռուզան Հայրապետյանների ամուսնությունը արդեն 60 տարվա պատմություն ունի: Այս տարիների ընթացքում նրանք հասցրել են 7 երեխա, 19 թոռ եւ 20 ծոռ ունենալ:
«Բանակից եկա, Ռուզանին տեսա, շատ հավանեցի, աչքի տակ առա»,- ապագա կնոջ հետ հանդիպումը հիշում է Մուրադ պապը:
Բայց իր հավանելը բավարար չէր. առանց հոր մեծացած Մուրադի համար մոր խոսքն ու օրհնությունն էլ էր պետք: 25-ամյա երիտասարդը հավանական երեք հարսնացուներին տանում ծանոթացնում է մոր հետ: Մայրը Ռուզանին է հավանում: Նրանք ամուսնանում են:
Տիկին Ռուզանը նշում է, որ այս տարիների ընթացքում շատ դժվարությունների են հանդիպել, բայց սիրո, համերաշխության շնորհիվ կարողացել են հաղթահարել դրանք, երջանիկ ընտանիք կառուցել, «զուռնա-դհոլով ամուսնացնել» բոլոր երեխաներին:
Վաստակաշատ մեղվապահ Մուրադ պապը, ով դեռ երիտասարդ տարիներից զբաղվել է այդ գործով, այժմ էլ մեղր է քամում, բաժանում թոռներին, ծոռներին, մնացածն էլ` վաճառում: Առողջությունից չի դժգոհում` իր ոտքուձեռքին է, գյուղին մոտ այգի ունի, խաղող, տանձ ու խնձոր է աճեցնում, տանում տիկին Ռուզանին:
Փետրվարի 21-ը Հայրապետյանների ընտանիքում կրկնակի տոն է` տիկին Ռուզանն 80 տարեկան է դառնում, ու նրանց ամուսնության 60 տարին է լրանումԼ Տոնը Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում ու Իսպանիայում ապրող թոռներին ու ծոռներին համախմբել ու բերել է հայրենի Հարժիս` միասին նշելու:
Տիկին Ռուզանը կիսվում է ընտանեկան երջանկության իր իմաստությամբ. «Մհեկվա ջահիլներին կօզամ խելունք ինեն, փսկվիլիս աշկրնին պաց ընտրություն անեն, մարդու կնեկ համերաշխ ինեն, աշկրնին չոր ապրեն, հիշքան մծանան ավելի սերավ տառնան, դե երգիրնալ պիտի հաղաղ ինի, մի տեղ ըշխադեն վեր կարան խոխա պահեն»:




























